Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015-ից ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշել է, որ գրասենյակը հնարավորություն է ստեղծում որակյալ համայնքային ծառայությունների մատուցման համար, իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:
Գրասենյակները, «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն, քաղաքացիներին մատուցում են բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը: Համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց հետևել դիմումների ու գրությունների ընթացքին: