ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թ. Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները:
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: