ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում: Ուսումնասիրությունն իրականացվել է 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
Արձանագրվել են 2 մլրդ 103 մլն 987.7 հազ. դրամի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես,
գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1 մլրդ 001 մլն 433.3 հազ. դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր: Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն՝ դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40 մլն 758.8 հազ. դրամի աշխատավարձ: 318,618.0 հազ. խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321 մլն 804.0 հազ. դրամ: էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386 մլն 725.5 հազ. դրամ ավելի գումար:
Խախտելով հաստատված՝ ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորստի ծավալների ընդունելի մակարդակները գերազանցվել են 90,372.8 հազ. խմ-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204 մլն 590.6 հազ. դրամ:
Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ. կվտ էլեկտրական էներգիայի ավել ծախս է կատարվել 44 մլն 105․4 հազ. դրամի չափով, որի արդյունքում պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։
Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11 մլն 897.6 հազ. դրամի չափով։
Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55 մլն 242.1 հազ. դրամ սկզբնական արժեք ունեցող՝ թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման, և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։
2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5 մլն 097.6 հազ. դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. դրամի խողովակաշարի ավելցուկ:
ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26 մլն 668.7 հազ. դրամ, որն ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է պետական բյուջե:
Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․ խմ չհաշվառված ջուր, որն ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5 մլն 256.9 հազ․ դրամ։
Ընկերությունն իր կարիքների համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում: