Կարմիր ժապավենը կտրելու արարողությամբ այսօր ազդարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացումը: Նորաբաց կենտրոնն այսուհետ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։
«Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 քաղաքացու։ Մեզ համար շատ կարևոր է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը, ինչպիսիք ստեղծված են այստեղ։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակով ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում»,- տարածքային կենտրոնի բացման արարողակարգի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել նախարարության ջանքերը՝ ուղղված սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին, շեշտելով համալիր սոցիալական ծառայությունների կարևորությունը
«Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն աջակցություն է տրամադրել երկրում համալիր սոցիալական ծառայությունների ապահովմանը նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով։ Այս կենտրոններն ստեղծվում են՝ փոխարինելու առանձին-առանձին մատուցվող ծառայություններին։ Կարծում ենք, որ համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում միասնական գործակալությունը շատ կարևոր դերակատարում կունենա»,- ասել է ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։
Համալիր սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայության (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում:
Համակարգի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները: Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում արդեն կառուցվել է ՀՍԾ 9 տարածքային գրասենյակ, ևս 6-ը շինարարության փուլում են: 6 գրասենյակի համար ընթանում է մրցութային գնահատման գործընթաց, 10-ը նախագծման փուլում են, 4-ը տարածքի հատկացման և փաստաթղթավորման: