Թբիլիսիում շարժում է սկսվել ընդդեմ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի: Նախագահի նստավայրի մոտ ցուցարարները հանդես են եկել «Բակում երկրի թշնամին է» կարգախոսով: Նախագահի դեմ ընդվզման պատճառը բանակի վերաբերյալ Զուրաբիշվիլիի հայտարարությունն էր:
Օրբելիանիի պալատում հյուրընկալելով գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ Վրաստանի նախագահը հայտարարել էր. «Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»: Զուրաբիշվիլին առաջարկել էր արտասահմանում վերականգնել վրացերենով հրատարակությունները, Վրաստանից դուրս աշխատող մի շարք լուրջ գիտնականների էլ ներգրավել վրացական մշակույթի տարածման գործում:
Բողոքի ակցիայի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում են հակապետական հայտարարություններ անելու համար: «Անձը, որը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, Սահմանադրության երաշխավորը, չպետք է հանդես գա հակասահմանադրական հայտարարություններով՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին»,- ասել է շարժման ակտիվիստներից մեկը: