Քիչ առաջ սկսվել է Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը։ Այն տեղի է ունենում Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 102 աշխարհիկ պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։
Պատրիարքի մի թեկնածուն Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է, մյուս թեկնածուն՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ՝ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները:
Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ համայնքի կողմից ընտրվել է 102 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, մեկը անկախ պատվիրակ էր: