Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը վերախմբագրվել է, սակայն կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել:
Մինչև քվեարկությունը պատգամավորները հանդես եկան ելույթներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ նախագիծը չի նպաստում ՍԴ ճգնաժամի լուծմանը: «Դուք նախագծով խրախուսում եք անաշխատ եկամուտը: Մարդկանց, որոնք խախտել են Սահմանադրությունը, հարկատուների գրպանի հաշվին ուղարկում եք վաստակած հանգստի՝ փոխարենը ստանալով քաղաքական դիվիդենտներ: Նման անտրամաբանական եղանակով չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել»,- նշեց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ որևէ իրավական հիմնավորում չբերվեց՝ ինչու ՍԴ դատավորները պետք է ուղարկվեն վաստակած հանգստի: «Դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, այսինքն` մարդկանց, որոնք հանցագործ են, դուք պարգևատրում եք տարիներ շարունակ հստակ գումարներով, սա տրամաբանական չէ, իրավական հիմնավորում չունի, սա քաղաքական պրեսինգ է»,- ընդգծեց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորների ելույթներին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Մանիպուլյացիայով մի զբաղվեք, մենք չենք հնչեցրել՝ դուք մեր դուրը չեք գալիս, հեռացե՛ք, ոչ ոք չի հնչեցրել գնդակահարելու մասին հայտարարություն: Մենք տեսնում ենք ԲՀԿ-ի կողմից ցանկացած փոփոխության գնալու մերժում»,- հայտարարեց նա՝ հավելելով. «Մենք չենք նշել, որ գնում ենք ՍԴ ճգնաժամի լուծման, ասում ենք` ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, և սա այդ քայլերից մեկն է: Սա ձեռքսեղմման առաջարկ է, որով կարող է մեկնարկ տրվել ՍԴ-ում խորքային բարեփոխումների իրականացմանը, սա է ամբողջ նպատակը: Այն, ինչ չի հնչել մեր կողմից, խնդրում ենք մեզ չվերագրեք»,- ասաց Լ.Մակունցը:
Նախագծի քվեարկությունից առաջ Լ.Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: