Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ-IRI) հոկտեմբերին կատարած հարցումների՝ Հայաստանում 28%-ը համոզված է, որ ապագան լավ է լինելու, 42%-ը հավատում է, որ ավելի լավ է լինելու: Հարցվածների 18%-ը չի հավատում լավ ապագային, 4%-ը անապահովություն, անհանգստություն, վախ է զգում ապագայի համար, 4%-ն ընդհանրապես ճակատագրին չի հավատում, 3%-ը հիասթափված է, ոչ մի բարեփոխման հույս չունի, հարցվածների 1%-ն էլ պատասխան չի ունեցել:
2019-ի հոկտեմբերին անցկացված հարցման ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ մայիսին արված հարցմանը, բայց 2018-ի հոկտեմբերի համեմատ ցուցանիշներն էականորեն փոխվել են: 2018-ին հարցվածների 44%-ն է համոզված եղել, 40%-ն էլ հավատացել է, որ ապագան ավելի լավն է լինելու:
Հարցվածների 6%-ը վստահ է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսական վիճակը էականորեն բարելավվել է, 40%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը բարելավվել է ինչ-որ կերպ: Հարցվածների 36%-ի համար այն մնացել է նույնը: 11%-ի կարծիքով՝ փոքր-ինչ, իսկ 2%-ի համար տնտեսական վիճակը շատ է վատացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված հարցման համեմատ ցուցանիշները դրական են:
Հարցվածների 5%-ը իրենց տնային տնտեսության ներկա վիճակը գնահատել է շատ լավ, 55%-ը՝ բավարար: 28%-ը իրենց կենցաղը գնահատել է ոչ այնքան լավ, 5%-ն էլ այն համարել է շատ վատ: Հարցվածների 2%-ի համար տնային տնտեսության ֆինանսական վիճակը վերջին վեց ամիսներին շատ է բարելավվել, 28%-ի համար էլ դրական փոփոխություն է եղել (անցած տարվա հարցմանն այսպես էր պատասխանել հարցվածների 17%-ը), իսկ հարցվածների 55%-ի տնային տնտեսությունում ֆինանսական առումով որևէ փոփոխություն չի եղել (2018-ի հոկտեմբերին հարցվածների 65%-ն է այսպես պատասխանել): 13%-ի դեպքում տնային տնտեսության ֆինանսական վիճակը փոքր-ինչ վատացել է, իսկ 2%-ի համար ֆինանսական վիճակը շատ է վատացել:
Հարցվածների 16%-ը (2018-ին՝ 31%-ը) վստահ է, իսկ 39%-ը (2018-ին՝ 41%-ը) հավատում է, որ իր պես մարդիկ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, 28%-ը կարծում է, որ հավանաբար՝ ոչ, իսկ 14 տոկոսը համոզված է, որ չի կարող որևէ ազդեցություն ունենալ երկրում ընդունվող որոշումների վրա: Նախորդ տարվա հարցման համեմատ ցուցանիշները փոքր-ինչ վատացել են:
Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։