Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:
STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով։
Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս գործընթացի նպատակն է բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին, իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն: «Մենք ցանկանում ենք ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների ու միջազգային փորձագետների կողմից և կդառնա Հայաստանի կրթական համակարգի զարգացման գրավականը»,- նշել է նախարարը։
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ազգային փորձագետների մրցույթ։ Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը, որում ներգրավված է եղել 15 մասնագետ, սկսել է գործել հուլիս ամսից: Սեպտեմբերին արդեն պատրաստ է եղել նախագիծը, որը նախ քննարկվել է նախարարությունում և լրամշակվել, այնուհետև հոկտեմբերին տեղի են ունեցել 8 ոլորտային քննարկումներ, որոնց նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու արդյունավետ հարթակ ստեղծելն էր: Ոլորտային քննարկումները ներառել են Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքվել են համապատասխան առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է: Բացի դրանից՝ հանրակրթության պետական չափորոշչի մշակման շրջանակում տեղի է ունեցել 4 աշխատաժողով՝ աշխատանքային խմբի փորձագետների մասնակցությամբ: Ինտերակտիվ նիստերի միջոցով քննարկվել են հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը ուսումնական նոր ծրագրերի համար:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1-12-րդ դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5-12-րդ դասարանների դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաև ներդրվում են առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագիրը կփորձարկվի 2020 թվականի սեպտեմբերին:
Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հումանիտար առարկաների չափորոշիչների մշակում, ինչպես նաև վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, ինչպես նաև սեմինարների կազմակերպում դասագրքեր մշակողների համար:
Այս պահին ձևավորվել են առարկայական չափորոշիչների մշակման խմբերը. գործում են 15 ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Մասնագետներն ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը և եկել այն եզրակացության, որ անգամ ամենահաջողված փորձն ուղղակի տեղայնացնելը ցանկալի արդյունք չի տա, քանի որ մեր երկիրն ունի սովորելու ուրույն մշակույթ: Հետևաբար, օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ, խմբերը ներկայումս մշակում են այն ձևաչափը, որով պետք է սահմանվեն համապատասխան չափորոշիչները, ինչպես նաև այն հիմնական գաղափարները, որոնց շուրջ պետք է կառուցվի յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը:
Նախատեսվում է, որ 2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն մեկ, ռեսուրսների առկայության պայմաններում՝ երկու մարզում։