Ասոցիացիաների համաեվրոպական ֆեդերացիան՝ Europa Nostra-ն, որն ստեղծվել է Եվրոպայի մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը պաշտպանելու համար, հրապարակել է 2020 թ. ոչնչացման եզրին գտնվող 14 հուշարձանի նախնական ցուցակը:
Ցանկում ներառված է նաև Հայաստանի մշակութային ժառանգության երկու նմուշ՝ Տավուշի մարզում գտնվող Խորանաշատի վանքը և գինու կարասի պատրաստման տեխնոլոգիան:
Խորանաշատի վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին և միջնադարյան Հայաստանի հիմնական կրթական, գիտական, մշակութային և աստվածաբանական կենտրոններից է եղել, իսկ ավանդական գինու կարասն ունեցել է պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիա: