Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մասնավորապես‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքները: Այս հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջեներիա (Իտալիա)» ՀԳ ընկերությունը:
Նախագծող կազմակերպությունն իրականացրել է որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագրի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որը տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից չափանիշներին:
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թ. վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը, և կմեկնարկի շինարարությունը:
Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։