Վերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել Ամանորի ծախսերը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ ներկայացնելով Ամանորի տոնակատարությունների ժամանակացույցը:
Փոխքաղաքապետը նշել է, որ 2017-ին Երևանի Ամանորի ծախսերի բյուջեն կազմել է մոտ 199, 2018-ին՝ մոտ 167 միլիոն դրամ, 2019-ին՝ 158 միլիոն 518 հազար դրամ: «Այսինքն՝ մենք ունենք 40 միլիոնի նվազում՝ 2017-ին արված ծախսերի համեմատ»,- տեղեկացրել է նա:
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ միջոցառումների ծավալները փոխելու և համապետական դարձնելու մասին առաջարկը ներկայացրել է կառավարությունը: «Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, մյուս տարի էլ չի ավելացնելու, և, ինչպես խոսում են թվերը, ամեն տարի մեր կողմից կրճատվում են ծախսերը, որոնք էապես չեն ազդելու որակի վրա»,- ասել է նա՝ նշելով, որ քաղաքապետարանը պատասխանատու է միայն այն բյուջեի համար, որն ինքն է նախատեսել և իրականացրել, իսկ 2019-ի բյուջեում քաղաքապետարանը որևէ ավելացում չի արել:
Խոսելով Գորան Բրեգովիչի հոնորարի մասին՝ Վիրաբյանը նշել է, որ Բրեգովիչի հետ կնքված պայմանագրի արժեքը 65 հազար եվրո է, որը տրամադրվելու է ամբողջ խմբին:
«Հաշվի առնելով Ամանորը, հաշվի առնելով նման արտիստների միջազգային պահանջարկը, հաշվի առնելով, որ գումարը բաշխվում է խմբի բոլոր անդամների մեջ՝ ես կարծում եմ, որ այս արտիստը նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան: եթե ուսումնասիրեք նման արտիստների հոնորարի չափը և ուսումնասիրեք՝ հայ արտիստների հոնորարի չափն ինչքան է բարձրանում Ամանորի գիշերը, պարզ կլինի, որ նշված գումարը այնքան էլ ահասարսուռ չէ, որքան փորձ է արվում ներկայացնել վերջին օրերին»,- նշել է փոխքաղաքապետը: