Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Մասնակցել են Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներն ու հրամանատարները։
Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։
Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին 24 ժամ ծառայություն կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ Եգոր Կարապետյանը հանձնարարել է անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում է տրվել տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։
Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորվել է բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։
Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին ցուցում է տրվել հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։