Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-2019 թթ. ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30 սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որն անցել է սեփականության իրավունքով մի քաղաքացու պատկանող հողամասի մոտով և հասել մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք։
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, մի շարք անձանցից բացատրություններ են վերցվել, ու հարցումներ կատարվել։
Պարզվել է, որ խողովակները համայնքի սեփականություն են եղել։ Ձեռք բերված փաստերի համադրմամբ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության։