Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության գենդերային և հակամարտությունների հարցերով թիմի ղեկավար, նախարարության կանանց խաղաղության և անվտանգության (ԿԽԱ), զինված հակամարտություններում երեխաների իրավունքների և սեռական շահագործման հարցերով ներկայացուցիչ Ֆեյ Մինշալի գլխավորած պատվիրակությանը:
Փոխնախարարն ընդհանրական գծերով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կառավարության գործողությունները՝ այդ համատեքստում կարևորելով մշակվող ՄԻՊ ազգային ռազմավարության փաստաթուղթը, որում արտացոլված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, և տրված են թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին՝ խոշտանգումների կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և այլն:
Ռազմավարության նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման փուլում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է թափանցիկության, հաշվետվողականության և իրազեկման ապահովման աշխատանքները, ինչպես նաև իրավապահ համակարգի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը:
Խոսելով համագործակցության զարգացման հեռանկարներից՝ փոխնախարարը գերազանց է գնահատել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ գործակցության ներկայիս մակարդակը:
Հանդիպման ավարտին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: