ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը:
Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին զեկուցել են հավաքագրումների ցուցանիշների մասին, ապա ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2019 թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549.4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։
Արձանագրելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը՝ նախարար Պապիկյանը նկատել է․ «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018 թ․ համեմատ բաց թողնվեց 53.5 մլն խմ-ով պակաս ջուր»։
Նախարար Սուրեն Պապիկյանը, միաժամանակ, ՋՕԸ-ների գործունեությունը ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով գնահատել է ոչ բավարար և հանձնարարել ընկերությունների տնօրեններին՝ մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների գանձման ցուցանիշը։
«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։
ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝ ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։