Վրացական հեռուստաալիքներից մեկի տեղեկատվությամբ՝ Դավիթ Գարեջիի հարակից տարածքում ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու ուղղությամբ:
Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն՝ հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպել:
Տեղեկատվության համաձայն՝ վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն, և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: