Ամերիկյան մեդիայի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը իրանական արտարժույթի պահուստները գնահատել է 86 միլիարդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի քիչ է, քան 2013-ի ճգնաժամի ժամանակ, երբ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաձայնեց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել արևմտյան երկրների հետ:
Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը պնդում է, որ Իրանի համար այս պահին վերոնշյալ պահուստների ընդամենը 10 տոկոսն է հասանելի՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ ենթադրվում է, որ Իրանի Կենտրոնական բանկը կկարողանա ներմուծման ծախսերն ընդամենը մեկ տարի ծածկել: Ո՛չ ավելի: Եվ դա էլ այն դեպքում, եթե արտարժութային պահուստային ֆոնդի առնվազն 20 տոկոսը հասանելի լինի Թեհրանի համար:
Wall Street Journal-ը հայտնում է, որ իրանական նավթի արտահանումն արդեն իսկ նվազել է 70 տոկոսով. այժմ Թեհրանն ընդամենը 500,000 բարել նավթ է արտահանում մեկ օրում` 2013-ի 1,1 միլիոն բարելի դիմաց:
Բացի այդ, Իրանը բախվում է ՀՆԱ-ի 3 տոկոս առևտրային դեֆիցիտի փաստին, չնայած նրան, որ 2013-ին, օրինակ, հասել էր 7 տոկոս առևտրային ավելցուկի:
Ըստ ԱՄՀ-ի՝ Իրանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկումն է ապրում:
Ի դեպ, ԱՄՆ հետախուզական ծառայություններն էլ այս հարցում չեն լռում. նրանց տվյալների համաձայն՝ Իրանը մոտենում է վտանգավոր X կետին, երբ կամ ստիպված են լինելու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հանձնվել, կամ՝ նախաձեռնել մի շարք ահաբեկչական հարձակումներ ամերիկյան դաշնակիցների ու էներգետիկ համաշխարհային ցանցի դեմ: