ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները: Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը: «Գաղափարները շատ կարևոր են։ Այդպիսով, նախ, ճանաչելի են դառնում հեղինակները, բացի դրանից՝ նման գաղափարների կարիք իսկապես կա։ Մեր 1,5 տարվա փորձը ցույց է տալիս, որ երբեմն առօրեական գործընթացներում շատ գաղափարներ չենք նկատում, ուստի նմանօրինակ մրցույթները լավ հնարավորություն են»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթի հայտերը գնահատել է փորձագիտական հանձնաժողովը, ինչի արդյունքում ընտրվել է 16 հայտ, որոնցից հաղթող են ճանաչվել 5-ը։
2019 թ. «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հաղթողներն ըստ անվանակարգերի․
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Ռաֆիկ Սայադյան, Դավիթ Ղարիբյան - Before visits նորարարական նախագիծ
Սոցիոլոգիական գիտություններ
Մհեր Մկրտչյան, Ծովինար Սարգսյան, Էլեն Բաղդասարյան, Գևորգ Ամալյան - «Ուսանողի տուն» նախագիծ
Մանկավարժական գիտություններ
Սամվել Կիրակոսյան, Արեն Ոսկանյան - «Միկրո գիտահանրամատչելի պորտալ» նախագիծ
Ճարտարապետություն
Նարեկ Պետրոսյան - «Տիեզերական հետազոտման և զարգացման կենտրոն Բյուրականում» նախագիծ
Քիմիական գիտություններ
Արմեն Հովհաննիսյան, Գասպար Քոչարյան, Զարուհի Մանուկյան - «Նոր սերնդի հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի մշակում» նախագիծ: