Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսների վերաբերյալ նյութեր են պատրաստվում:
Լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։ Ըստ ստացված նախնական տեղեկության՝ Ռուբեն Հայրապետյանը, միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկի» նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012-2018 թթ. իր աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուբեն Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: