Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ համագործակցությունը և ընդգծել, որ գործընկերության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին և երկրի զարգացման տեսլականին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ. Հայաստանի տնտեսությունն էական աճ և ձեռքբերումներ է արձանագրել, ինչի մասին են վկայում արձանագրված ցուցանիշները, և դա լավ նախադրյալներ է ստեղծում բարեփոխումներն ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար: Տնտեսական աճի ապահովման, հարկային բարեփոխումների և տնտեսական նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ՓՄՁ, նաև միկրոբիզնեսի գործունեության համար հնարավորությունների ստեղծման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀԲ հետ արդյունավետ գործակցությունը:
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և վերահաստատել ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը: Այս առումով նա անդրադարձել է ՀԲ խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատմանը, որի շրջանակում բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ ծրագրերի շուրջ, խոսել գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, դատաիրավական, կրթության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: