Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասներ կներկայացնի Ամանորի տոնական միջոցառումների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մայրաքաղաքում արդեն մեկնարկել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները:
«Երևանն այս տարի կառանձնանա ինքնատիպ ձևավորմամբ ու հետաքրքիր ծրագրերով: Հերթական նիստում Երևանի ավագանու որոշմամբ 271,797.1 հազար դրամով ավելացվեցին «Ամանոր 2020» միջոցառումների համար Երևանի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումները: Գումարը տրամադրվել է ՀՀ կառավարության՝ 2019թ. նոյեմբերի 14-ի համապատասխան որոշմամբ: Միջոցները կուղղվեն գեղարվեստական մասի ապահովմանը, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալությանն ու սպասարկմանը, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստմանը, ձևավորմանը, դեկորացիաների, ինչպես նաև կրպակների պատրաստմանը, մոնտաժմանն ու ապամոնտաժմանը: Ձեռք բերված գույքն, ի դեպ, կդառնա համայնքի սեփականությունը, որը հետագայում կօգտագործվի ըստ նպատակահարմարության»:
Հիշեցնենք նաև, որ ավագանու ընդդիմադիր անդամները կասկածի տակ են առնում նման ծախսերի անհրաժեշտությունը՝ քննադատելով քաղաքապետին ու ավագանու իշխանական թիմին: