Վրաց պատրիարքարանը հերթական մեկնաբանությամբ է հանդես եկել Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած «Դավիթ Գարեջի» վանական համալիրի և ընդհանրապես սահմանազատման հետ կապված իրավակարգավորումների վերաբերյալ՝ տեղեկացնում է Sputnik.ge-ն:
Վրաստանի և Ադրբեջանի ընդհանուր պետական սահմանը ներկայում 446 կիլոմետր է, որի համարյա կեսը՝ ներառյալ վանական համալիրն ընդգրկող 25 կմ տարածքը, վիճելի է համարվում նախկին իրավակարգավորումները կասկածի տակ դնող Ադրբեջանի կողմից:
Ամիսներ առաջ կողմերը պայմանավորվել էին վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացը մինչ օրս տեղից չի շարժվել:
Ինչպես նշվում է Պատրիարքարանի հայտարարության մեջ՝ բոլո՛րն են ցանկանում ելք գտնել այս իրավիճակից, և այդ նպատակով է մեջտեղ բերվել միջսահմանային չեզոք գոտու ստեղծման գաղափարը՝ համալիրի մաս կազմող Ուդաբնոյի և Չիչխիթուրիի վանքերն ուխտավորների համար հասանելի դարձնելու նպատակով:
«Նման մոդելը կարելի կլիներ դրական գնահատել, եթե տարածքային պատկանելության հարցը պատմականորեն, մշակութայնորեն, իրավունքի և քարտեզագրման առումով մշուշոտ լիներ: Եվ Ուդաբնոյի և Չիչխիթուրի վանքերի հետ կապված՝ որևէ նման խնդիր չկա:
Այս առաջարկով մենք իրականում արհամարհում ենք մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը և կասկածի տակ ենք առնում այդ տարածքի պատկանելությունը Վրաստանին: Հետևաբար, վրաց եկեղեցին չի կարող աջակցել ներկայացված նախաձեռնությանը...Հուսով ենք՝ ժողովուրդների միջև առկա բարիդրացիական ավանդույթները դրական արդյունք կտան, և խաղաղությունն այլընտրանք չի ունենա»,- ասվում է Վրաց պատրիարքարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ադրբեջանական կողմը համալիրի տարածքում սահմանային ուղեկալներ էր տեղադրել՝ արգելափակելով վրացիների մուտքն իրենց վանական համալիր: Ավելին՝ ադրբեջանցի պատմաբանները հատկապես վերջին տարվա ընթացքում միանգամից մի քանի աշխատություններ երկնեցին, որոնցում այս համալիրն անվանում են «Ադրբեջանի քարե հիշողություն, որ իրենց է փոխանցվել նախնիների՝ Բուն Աղվանքի ալբանացիների միջոցով»:
Նշենք նաև, որ «Դավիթ Գարեջի»-ն ժայռերի մեջ փորված մոտ 20 վանքերից կազմված համալիր է, որի գլխավոր վանքը Սուրբ Դավիթի վանքն է: Բազմաթիվ վանքերում պահպանել են որմնանկարներ, որոնք թվագրվում են VIII-XIV դարերից: Որմնանկարները պատկերում են պատմական անձանց, նրանց թվում՝ վրաց Թամար թագուհուն: