ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ընկերոջն առնչվող միջադեպին:
«Դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան էջումս գրառում եմ կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից դեկտեմբերի 7-ին Գյումրի ուղարկված ծաղկեպսակին: Գրել եմ, որ ծաղկեպսակն, ամենայն հավանականությամբ, դողդողալով են բերել՝ հաշվի առնելով, որ առավոտ շուտ է բերվել: Գրածս ծանր են տանում որոշ երիտասարդներ, և փորձում են ինձ հետ հանդիպել: Ես փոխանցում եմ, որ կնշանակեմ քաղաքացիներիս հետ հանդիպման օր և կընդունեմ նրանց, սակայն դա, կարծես, չի ընդունվում, և երբ երեկոյան ընկերոջիցս բաժանվում եմ, նա մենակ է մնում, այդ պրոցեսը կազմակերպվում է: Դա մեսիջ է ինձ, որ փոխանցի պատգամավորին, որ հաջորդը ես եմ: Դա քաղաքական մեսիջ է, քանի որ նրանք ակտիվ մասնակցում են ի պաշտպանություն Քոչարյանի ակցիաներին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, ըստ որի՝ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդն ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։
Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Միջոցառումները շարունակվում են՝ միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։