Ազգային ժողովում այսօր շարունակում է քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում նշել է, որ երկու տասնամյակից ավելի ՍԴ-ն եղել է այն ատյանը, որը ձախողելով իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել և անգամ խթանել է Հայաստանում հակաիրավական զարգացումները:
Բաբաջանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը մեկուսացրել է իրեն Սահմանադրության անվտանգության պաշտպանի գործառույթներից: «Սահմանադրական դատարանի վերջին երկու տասնամյակի գործունեությունը կարելի է բնութագրել ժողովրդավարության պահապանից՝ ժողովրդավարության բանտապանի վերածվելու դերակատարություն: Հայաստանում կա ՍԴ ճգնաժամ, և գործող անդամների մեծամասնությունը մասնակից ու հանցակից է եղել անցած մեկուկես տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրակեղծարարություններին: ՍԴ-ն գործուն մասնակցություն է ունեցել անցած 15 տարիների բոլոր ընտրությունների ու հանրաքվեների կեղծման գործընթացին: ՍԴ-ի գործունեությանը քաղաքական գնահատական տալու փոխարեն առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել»,- ասել է Բաբաջանյանը: