Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է, որ ոստիկանությունը ՀԽՎ-ի օպերատիվ հետախուզությունն իրականացվի սեփական տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը: