ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնած ցեղասպանությունների կանխարգելմանը և կրթությանը նվիրված համաժողովը մեկնարկել է Կոմիտասի երաժշտությամբ:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը իր ելույթում նշել է, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդն անցել է ցեղասպանության արհավիրքի միջով, և Հայաստանը հատուկ պատասխանատվություն է կրում ցեղասպանությունները կանխարգելելու և ժխտողականության դեմ պայքարելու հարցում։
Համաժողովը վարող Պատասխանատվության և պաշտպանության գլոբալ կենտրոնի տնօրեն Սայմոն Ադամսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները»:
«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանն Օսմանյան Կայսրությանը մեղադրեցին մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրույթն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»:
Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցը հայտարարել է, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան են եղել, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները:
Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները, Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է: