Լիբանանը պատուհասած հորդառատ անձրևները կաթվածահար են արել մայրաքաղաք Բեյրութի կյանքը: Բազմաթիվ փողոցներ հեղեղված են ջրով, մարդիկ անգամ փչովի նավակներ են սկսել գործածել՝ հաղորդում է Al-Sharq al-Ausat-ը:
Բեյրութի առանձին թաղամասերում կոլեկտերների ծանրաբեռնվածության պատճառով շարքից դուրս է եկել կոյուղու համակարգը՝ տհաճ անհարմարություններ ստեղծելով բնակարաններում:
Մասամբ ջրի տակ է հայտնվել նաև Ռաֆիկ ալ-Հարիրիի միջազգային օդանավակայանը, և Բեյրութի հետ օդային կապը ժամանակավորապես չեղարկվել է:
Լիբանանի Տրանսպորտի և հանրային աշխատանքների նախարար Յուսուֆ Ֆենիանոսը, փաստորեն, հաստատել է նախապես ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով իր գերատեսչությունն էլ է փաստի առաջ կանգնել: Փորձագետները, սակայն, նշում են, որ պատահածը ոչ այնքան ֆինանսական միջոցների բացակայության, որքան առկա քաղաքական ճգնաժամի և կառավարման ոչ արդյունավետ համակարգի արդյունք է: