Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ելույթում նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է նախագիծը՝ նշելով, թե դա փրկագին է դատական համակարգի առողջացման համար, սակայն իրենց կարծիքով՝ նախագծի նպատակը ՍԴ-ի հին անդամներին իշխանության համար նոր և վստահելի անդամներով փոխարինելն է: Պատգամավորը նշել է, որ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելով լուծվելու է քաղաքական խնդիր և համակարգային բարեփոխում չի լինելու:
«Եթե այս դատավորները կատարել են որևէ իրավախախտում, ապա իրավական, օրինական պետությունը ենթադրում է, որ դա պետք է ունենա իրավական հետևանքներ, բայց դուք անում եք հակառակը: Դուք խրախուսում եք ըստ ձեզ իրավախախտում արած դատավորներին: Իրավախախտ դատավորներին հեռացնում են պաշտոնից, այլ ոչ թե դարձնում են էլիտար թոշակառու՝ դեռ կենսաթոշակային տարիքը չլրացած»,- իր խոսքում նշել է Սամսոնյանը: