Թուրքիան դատապարտում է Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Խանդկեին, որը Սերեբրենիցայի դեպքերը չի որակում՝ որպես Ցեղասպանություն։
Այդ մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Twitter-ի էջում։
«...Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվում է Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգևել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Իբրահիմ Քալընը:
Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք, ըստ որոշ տվյալների, մինչև 1995-ն այս տարածքում ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։
1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը Տուզլա քաղաք։
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգվածային գնդակահարություններ, բայց այս փաստի պաշտոնական հավաստիացումներ չկան։