Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ գուցե արդարացի հարցադրումներ կան՝ մայրաքաղաքի տոնի կազմակերպման համար 700 000 դոլար ծախսելու հարցում, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում քաղաքի համար ընդհանրապես։
«Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ։
Առավել ևս, եթե ուզում ենք տուրիստի համար գրավիչ ուղղություն լինել, պետք է փորձենք զարմացնել էդ տուրիստին, տպավորել նրան, որ համը բերանում մնա, որ էլի ուզենա գալ։ Իսկ դրա համար պետք է ծախս անել, ավելի ճիշտ՝ ներդրում։ Ինչպես, օրինակ, հայ տուրիստների սիրած Թբիլիսիում են անում։ Էնտեղ այս տարվա ամանորյա ծախսերը կազմել են 2,8 միլիոն լարի կամ շուրջ 1 մլն դոլար։ Իսկ անցած տարի, երբ մենք քննարկում էինք Երևանի 140 հազար դոլարանոց տոնածառը, Թբիլիսին նոր տոնական լուսավորության վրա 775 հազար դոլար էր ծախսել։ Ու դատելով տարբեր ամսագրերի ու զբոսաշրջիկների հիացական արձագանքներից՝ էդ ծախսը լրիվ արդարացված էր։
Կարճ ասած, սա ոչ միայն ու ոչ այնքան ծախս է, որքան ներդրում։ Իսկ ամանորյա շոուն Երևանում իսկապես շատ շքեղ է լինելու»,- գրել է Հակոբ Կարապետյանը։