Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Վահան Գևորգյանին և «Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանին: Այցի նպատակն էր՝ մարզպետին ծանոթացնել մի շարք բարեգործական ձեռնարկների, որոնք նախատեսում է իրականացնել բարերարը՝ հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ինչպես նշեց Վահան Գևորգյանը, բարեգործական ծրագրերի շրջանակներում ինքը մեծաթիվ ցուցանմուշներ է նվիրել Գեղարքունիքի թանգարանին և նպատակ ունի շարունակել այդ նվիրատվությունը՝ դրանք հասցնելով 30-40-ի:
Բացի այդ, կողմերը նախատեսում են առաջիկայում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում՝ այն դարձնելով ավելի ճանաչելի և գրավիչ նաև զբոսաշրջիկների համար:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել նաև Շատվան համայնքի դպրոցում, ինչպես նաև Սարուխան համայնքի արվեստի դպրոցում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Մենք շատ դրական փոփոխություններ ենք նկատում մեր երկրում հեղափոխությունից հետո և պատրաստ ենք մեր բարեգործությամբ նպաստել այդ փոփոխություններին»,- նշել են հյուրերը:
«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում նման նախաձեռնություն ցուցաբերելու համար և վստահ եմ, որ բարեգործությունները որոշակիորեն թեթևացնում են պետության հոգսերը: Բարեգործությունը նաև միասնականություն է ձևավորում, որը շատ կարևոր նախապայման է՝ երկրում զանազան խնդիրների լուծման համար: Այո՛, Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանն ունի հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն, և մենք պատրաստ ենք՝ ձեր կողքին լինելու և աջակցելու ձեզ այդ ձեռնարկներում»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Կողմերը պայմանավորվել են ծրագրերն իրականացնել լայն համագործակցության պայմաններում: