Ազգային ժողովում այսօր խորհրդարանականները քննարկում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ամբիոնից ցուցադրելով մարզային հանրակրթական դպրոցների նկարներ, որոնցում երևում է դրանց անմխիթար վիճակը, նշել է, որ Կառավարությունը գումարներ չի հատկացրել այդ դպրոցների վերանորոգման համար, բայց խորհրդարան է բերվել նախագիծ, որն ամբողջովին քաղաքական է՝ ակնարկելով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը:
«Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ-ի այս կազմը և հատկապես նրա նախագահը: Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար շատ մեծ շռայլություն կլինի: Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պրեսինգ, ինչպես եղել է նախկինում, և մենք հույս ունեինք, որ այլևս չի լինելու, այլևս չլինեն»,- ասել է Զոհրաբյանը: