Ոստիկանությունը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ պետական համարվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ընթացքում կատարվել են ապօրինություններ, որում ներգրավված են նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընկերության բաժնետոմսերի արժեքը մասնավորեցումից առաջ գնահատվել է 1 մլրդ 172 մլն դրամ, սակայն պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։ Ապա «Ռադիո» ՓԲԸ-ն օտարվել է Վիրջինյան կղզիներում գրանցված «Եվրոպրեսս գրուպ» ՓԲԸ-ին, որից հետո վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին, որի սեփականատերերը, ըստ ոստիկանության, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։
«Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցումը
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 1965 թ. հիմնվեց ռադիոհեռարձակման նոր կայան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռադիոհեռարձակման նոր կայանին շնորհվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 2008 թ.-ից ընկերությունը հայտնվել է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում, սակայն գնորդ չլինելու պատճառով գույքը չէր օտարվում։ Միայն 2010-ին դեկտեմբերի 2-ի Կառավարության որոշմամբ «Ռադիո» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի տեսքով մասնավորեցվել է «ԵվրոՊրեսս գրուպ» ՍՊԸ-ին, որը գրանցված է Վիրջինյան կղզիներում, սակայն գտնվելու վայրը Շվեյցարիայի Ժնև քաղաքն էր։ Վաճառքի գինը կազմել է ավելի քան 587 մլն դրամ։ Մասնավորեցնողը պարտավորվել է երկու տարվա ընթացքում կատարել 100 միլիոն դրամի ներդրում։ Մասնավորեցման ժամանակ «ԵվրոՊրեսս գրուպ»-ը պարտավորվել է ապահովել 1800 աշխատատեղ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած վճարումներից տեղեկանում ենք սակայն, որ «Ռադիո» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը վերջին տարիներին միայն նվազել է, ու ներկայումս ընկերությունն ունի 81 աշխատակից։ Մասնավորեցումից Նորատուս համայնքը ստացել է 30 մլն դրամ, որն օգտագործվել է համայնքի ճանապարհաշինության մեջ։
«ԵվրոՊրեսս գրուպ». ընկերություն՝ Վիրջինյան կղզիներից
«ԵվրոՊրեսս գրուպ» ընկերության մասին առաջին որոնումները տանում են դեպի Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում տվյալների բազաներ։ Այստեղից երևում է, որ ընկերության սեփականատերն ու տնօրենը Անուշավան Խաչատրյանն է։ Խաչատրյանն աշխատել է «Շարմ հոլդինգում», իսկ ներկայումս, ըստ իր «Ֆեյսբուքի» էջի, «Գազպրոմ մեդիա» հոլդինգի աշխատակիցներից է։ Խաչատրյանին «Ֆեյսբուքի» միջոցով մի քանի հարց էինք ուղղել ռադիոկայանի մասնավորեցման հետ կապված, սակայն պատասխան չենք ստացել։
«Եվրոպրեսս գրուպը» հիմնվել է 2007-ին։ Այս անունով ընկերություն հետագայում ստեղծվել է նաև Պանամայում։
«Եվրոպրեսս գրուպից»՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին
Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպրեսս գրուպը» վաճառել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին։ Ըստ ոստիկանության գործարքի՝ գինը կազմել է 250.000 դոլար, ու գնորդ ընկերությունը կապված է բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատի հետ։ 2013-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դրական համակենտրոնացրել է «Ռադիո» և «Միջազգային ռադիո» ՓԲԸ-ները։ Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրը հնարավորություն չի տալիս տեղեկանալ, թե ովքեր են դրա բաժնետերերը։ Ռեգիստրից միայն հնարավոր եղավ պարզել, որ «Միջազգային ռադիո» ՓԲԸ-ն ունի 3 բաժնետեր։ Ընկերությունն ունի 1 աշխատակից։
2013-ից ընկերության տնօրենը եղել է Գագիկ Ալոյանը։ Ալոյանը 2010-ից հանդիսացել է նաև «Ռադիո» ՓԲԸ-ում ու այս պաշտոնում մնացել 7 տարի։ Ալոյանն այստեղից արդեն տեղափոխվել է պետական ապարատ՝ զբաղեցնելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի» տնօրենի պաշտոնը։ «Ես եղել եմ տնօրեն, մասնավորեցման մասին հաղորդագրությունը կա, կներեք, ես հիմա քաղաքում չեմ, հետո կարող ենք զրուցել»,-Հանրայինի հետ զրույցում պատասխանելով հարցին ասել է Ալոյանը։
«Ռադիո» ՓԲԸ-ի ցածր գնով մասնավորեցման դեպքով հարուցված քրեական գործը ոստիկանության կողմից փոխանցվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության։