Մի խումբ հայրենադարձների հիմնած «Ավելի լավ» երիտասարդական կազմակերպության նպատակը միջավայրն ավելի մաքուր դարձնելն է: Նախաձեռնությունը համախմբել ու միավորել է Հայաստանում ու երկրի սահմաններից դուրս ապրող երիտասարդներին: Նրանք առաջնային խնդիր են համարում քաղաքացիների աղտոտած հանրային նշանակության վայրերը աղբից մաքրելը:
«Մենք շատ ենք սիրում մեր Հայաստանը, մեր երկիրը, մեր հողը և ընկերներով որոշեցինք տեղափոխվել ու մեր կյանքն սկսել մեր հողում: Եվ երբ եկանք՝ տեսանք, որ շատ բաներ կան այստեղ, որոնք անսովոր են մեզ համար, տեսանք տարբեր խնդիրներ և առաջին խնդիրը աղբի խնդիրն էր, որ առկա էր և՛ Երևանում, և՛ Վանաձորում ու Գյումրիում: Եվ ասացինք, որ մենք եկել ենք ոչ միայն վայելելու մեր կյանքը մեր երկրում, այլև ուզում ենք, որ ամեն ինչ ավելի լավը լինի և «Ավելի լավ» նախաձեռնությունն այդտեղից սկսվեց»,- նշել է կազմակերպության անդամ Քրիստինա Գասպարյանը:
Հայրենիքի ու ծննդավայրի հանդեպ պատասխանատվությունը սկսվում է հենց հոգատարությունից: Երիտասարդները կարծում են, որ շատ կարևոր է երեխաների համապատասխան կրթությունն ու դաստիարակությունը: Մարդու կյանքի և առողջության վրա շրջակա միջավայրի ունեցած ազդեցության մասին երեխաները պետք է իմանան դեռ վաղ հասակից: Քաղաքը մաքուր պահելու խնդրում շատ կարևոր է նաև աղբամանների առկայությունը. դրանք դեռևս քիչ են՝ նկատում են երիտասարդական կազմակերպության անդամները: