ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East-3) ծրագրի թիմի ղեկավար Պետր Գլերումին և փորձագետ Ջորջ Քարասենին: Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել PPRD East–2 փուլի արդյունքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել PPRD East-3 ծրագրի նախապատրաստական աշխատանքների քննարկման հնարավորություն ընձեռելու համար՝ կարևորելով ծրագիրը և այն մեծ աշխատանքը, որն իրականացվել է նախորդ փուլերի ժամանակ:
Միայն 2-րդ փուլի ընթացքում կազմակերպվել է 92 տեղական և տարածաշրջանային միջոցառում, որոնց Հայաստանից մասնակցել են մոտ 300 մասնակից՝ ներառյալ MOLDEX վարժանքը: Ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր և մշակվել փաստաթղթեր:
Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում անդրադարձել է PPRD East-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարարն ընդգծել է փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:
Քննարկվել են PPRD East-3 ծրագրի իրականացման նոր ուղղությունները՝ հիդրոերկրաբանական (սողանք, սելավ, քարաթափում, ջրհեղեղ, երաշտ) աղետի կառավարում, ռիսկի գնահատում, կանխարգելիչ միջոցառումների պլանավորում, փորձագետների փոխանակում, կամավորական փրկարարական շարժման ձևավորում և զարգացում:
Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստել են, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեզագրման գործընթացում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով: