ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի և 2016-2019 թթ. ոլորտը համակարգող, սպասարկող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանելու նախագիծն է քննարկում Ազգային ժողովը:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտյոմ Ծառուկյանն առաջարկել է անդամների թիվը սահմանել 15 և նշել, որ այդպիսով ամենափոքր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կկարողանա պատշաճ ներկայանալ:
«Ամենաառաջնայինն ու ամենակարևորը մեզ համար այն է, որ Քննիչ հանձնաժողովը չի լինելու պատժող ձեռք, լինելու է գործընկեր, և նպատակը լինելու է այն, որ մենք փորձելու ենք վեր հանել բոլոր այն խնդիրները, որ թույլ չեն տալիս վերջապես կանոնավոր ուղևորափոխադրումները մեր հանրապետությունում կայանան, պատշաճ մակարդակի վրա լինեն»,- ասել է հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչը: