Ազգային ժողովում քննարկվում է ծխախոտի օգտագործմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագծով ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ կլինեն հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։
Փաթեթում ընդգրկված՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի փոփոխություններով նախատեսվում է մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու դեպքում սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ծխախոտային արտադրատեսակի կամ փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը նախատեսում է տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքը պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված վարչական տույժի կրկնակի չափով:
Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների, կամ վայրերի, կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: