ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել են վերամշակող արդյունաբերության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են «Զանգեզուրի ՊՄԿ», «Չաարատ Կապան», «Ագարակի ՊՄԿ», «Ախթալայի ԼՀԿ», «Թեղուտ» ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հույս է հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին որպես գործընկեր դիտարկել:
Լ. Շուշանյանը նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես` պղնձարդյունաբերությունում, վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և՛ գիտելիքների, և՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների մասով:
«Մեզ համար կարևոր է, որ դուք որպես գործընկեր ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,- ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:
Ընկերությունների տնօրենները ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու պետության նախաձեռնությունը. պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք կուղարկեն այս շղթայում մասնակցության վերաբերյալ իրենց տեսլականը: