Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին կոչ է անում փոխզիջման գնալ Դոնբասի հարցում: Նրա խոսքով՝ Ուկրաինան հստակ ընդառաջ է գնացել ապառազմականացման խնդրին, այժմ Ռուսաստանի հերթն է, ասել է Հեյկո Մաասը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների բարելավումը մեծապես կախված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն էլ այն կարծիքին է, որ «Նորմանդական քառյակի» բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի գնալ փոխզիջման և սկսել իրականացնել Մինսկի համաձայնագրի կետերը:
Գերմանացի հայտնի քաղաքագետը վստահ է, որ քառյակի մյուս մասնակիցները կփորձեն հասնել դրան, քանի որ եվրոպական առաջնորդները ցանկանում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Ուկրաինայում, սակայն, ընդդիմությունը նախագահ Զելենսկուց պահանջում է Փարիզում չանցնել իրենց քաշած կարմիր գիծը: Դրանցից են՝ ոչ մի զիջում երկրի միացյալ կառուցվածքից, Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան կուրսից, մինչև ռուսական զորքերի դուրսբերումը և ապօրինի զինված խմբավորումների զինաթափումը ընտրություններ չպետք է լինեն Կիևի կողմից չկառավարվող Դոնբասի տարածքներում, պետական սահմանի նկատմամբ պետք է վերահսկողություն հաստատել, ոչ մի փոխզիջում նաև Ղրիմի բռնազավթման և Ուկրաինա վերադարձնելու, ինչպես նաև Ռուսաստանի դեմ միջազգային դատավարությունները շարունակելու հարցերում: Կիևի կենտրոնում հավաքվել են հազարավոր ցուցարարներ, հնչում են հակառուսական կոչեր ու ելույթներ: