ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ կադաստրի կոմիտեից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երևանի Սևանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը (նախկին ծանրոցային բաժանմունքը), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից և օտարելու նպատակով ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:
Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ պետք է ապահովեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ պետք է իրականացվեն որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվի օտարման:
Գույքից առանձնացված և Սևանի 21/5 հասցեով գրանցված պահեստի և հողամասի հանձնման-ընդունման եռակողմ ակտերը ներկայացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հաստատմանը, սակայն դրանք չեն հաստատվել, քանի որ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:
Եվ չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը, և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:
Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահմանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը և հողամասը: Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրինական շահերը, քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: