Առաջատար տեխնլոգիաների ձեռնարկությունների միությունը խորհրդանշական կերպով ամփոփեց Շիրակի մարզի բոլոր դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու գործընթացը։ Դեկտեմբերի 6-ին Գյումրու թիվ 19 դպրոցում տեղի ունեցավ հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվեց 117 նոր ինժեներական լաբորատորիաների մուտքը Շիրակի մարզ, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, այդպիսի լաբորատորիաների տեղադրման ամբողջ գործընթացն ավարտվեց։ Այսպիսով, Գյումրու բոլոր դպրոցներն արդեն համալրված են «Արմաթ» լաբորատորիաներով:
Ընդհանուր առմամբ, մարզն ունի շուրջ 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 117-ը բացվել են վերջին շրջանում: Ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված՝ դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի՝ ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է: Այդպիսի դպրոցները Շիրակի մարզում 8-ն են:
Ծրագիրն այս տարվանից իրականացվում է կառավարության աջակցությամբ։ 2019 թվականի հուլիսին կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2019 թվականի ավարտին, բացի Շիրակի մարզից, լաբորատորիաներով հագեցված կլինեն Լոռու ու Տավուշի մարզերը, իսկ 2020 թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում: