ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
«1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որով հստակորեն ամրագրվեց միջազգային հանրության հանձնառությունը՝ այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործության կրկնումը: Հայաստանը վճռական է՝ իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում:
Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ և հետևողականորեն աշխատել ու աշխատում է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Ցեղասպանության կանխարգելման օրակարգի վերաբերյալ Հայաստանի կողմից նախաձեռնված բազմաթիվ բանաձևերն իրենց ներդրումն են ունեցել այդ օրակարգի շուրջ միջազգային ջանքերի համադրման առումով: 2015 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը:
Այսօր՝ ծայրահեղականության աճի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության անկման ժամանակաշրջանում, այս և մարդկության առջև ծառացած այլ լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի: Առանցքային է նաև ցեղասպանությունների կանխարգելումը: Այս հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում և ուղղորդում է հասարակությունների և պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական և մշակութային ջանքերը:
Այս համատեքստում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների՝ ընդհուպ միչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակով։
Այս առումով այսօրվա միջոցառումը, «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի կազմակերպումը և անցկացումը ևս մեկ հարթակ է՝ երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց միջոցով իրազեկելու լայն հասարակությանը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ գործադրված ջանքերի և միջազգային հանրության միասնական գործողությունների մասին: Եվ սա վկայում է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին երիտասարդների` ցեղասպանության հիշողությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատրաստակամության կարևորության մասին:
Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանության վերապրածների սերունդներին և խոչընդոտում է իրական հաշտեցումը: Ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք նաև մեր պարտավորությունը «այլևս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու: Այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Միջազգային համակարգում ցեղասպանության կանխարգելմանը միտված գործիքների ամրապնդումը, իրավական և գործնական հնարավորությունները զարգացնելը մշտական մարտահրավեր և գործառույթ է: Դա շարունակական գործընթաց է, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու և այս հարցին հնչեղություն տալու նպատակով 2015-ից Հայաստանը կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ: 2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը, որն իրականացվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակի և անձամբ հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի գործուն աջակցությամբ: 2020 թ. նախատեսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի անցկացումը:
Այսպիսի ֆորումների անցկացման կարևորագույն նպատակներից է նաև կրթության և գիտության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը, ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերների բարձրաձայնումը և այդ մարտահրավերներին դիմակայելուն միտված կիրարկվելիք քայլերի, արդյունավետ մեթոդների քննարկումը:
Մենք բոլորս ունենք կարևոր մի պարտավորություն՝ դա հիշելու պարտավորությունն է: Եվ հետևաբար, էական է, թե ինչպես է այդ հիշելու պարտավորությունն արտացոլվում պատմությանը վերաբերող տարբեր նյութերում՝ դասագրքերում, հոդվածներում, գիտական աշխատություններում: Ցեղասպանությունների զոհերի՝ Մեծ եղեռնի, Հոլոքոստի, ինչպես նաև Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի սերունդների, այլև հանցագործների սերունդների համար, քանզի այս օրերը պետք է մարդկությանը տանեն դեպի ճանաչում և հաշտեցում։
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորիդ մասնակցության համար և ընդգծելով նման ձևաչափով միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը և արդյունավետությունը ցեղասպանությունների կանխարգելման միջոցառումների շարքում՝ հայտնում եմ այս հարցում մշտապես հետևողական աշխատանքի շարունակականության պահպանման մեր վճռականության մասին և ակնկալում եմ հետագայում ևս ձեր ակտիվ մասնակցությունը այդ աշխատանքներին: Մաղթում եմ մրցանակակիրներին և մրցույթի մյուս մասնակիցներին իրենց հետագա գործունեության և աշխատանքի մեջ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»,- հայտարարել է ԱԳ նախարարը: