Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Իր ելույթում նա նշել է, որ կարևորում է Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում երկու երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:
Տ.Ավինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն առանցքային և հիմնարար նշանակություն ունեն։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով, հատկապես եթե դիտարկում են ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությունը:
«Այս համատեքստում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն։ Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու:
Կուզենայի նշել, որ մեր երկու կառավարությունների արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են պատմական ընդհանուր ժառանգության, գրեթե նույն մարտահրավերների, ինչպես նաև համընդհանուր գլոբալ միտումների ճանապարհներով։ Հետևաբար կարծում եմ, որ հայ-վրացական ոլորտային համագործակցությունն ու շփումները երկուստեք հաջողելու լավ բանաձևեր են։
Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս»,- ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Ըստ Ավինյանի՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ:
«Այս համատեքստում, մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ:
Համոզված եմ, որ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Ցուլուկիանիի այցի ընթացքում կուրվագծվեն համագործակցության նոր ուղղություններ՝ ի շահ և ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»,- եզրափակել է Տ.Ավինյանը: