Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում չկա ներկա, նախկին իշխանություն, քանի որ իրենց համար կրկնակի անընդունելի է գործող որևէ պաշտոնյայի՝ կոռուպցիայի մեջ ներքաշվելը: Նա նշել է, որ վերջին մեկուկես տարում 4 բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիոն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, և այս գործընթացը շարունակվելու է:
Վարչապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում քննարկված իր այն որոշմանը, որով նախարարների, փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման ֆոնդերով սահմանել է բավականին բարձր վճարում՝ աշխատավարձ-պարգևատրում:
«Նպատակը կոռուպցիայի կանխարգելումն է, և եթե այդ մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալեն, կալանավորեն, խղճի խայթ չունենանք ու չասենք, որ այդ մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան այլ տարբերակ չենք թողել, քան տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրելը»,- ընդգծեց վարչապետը: