Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը: Խորհրդարանը նախորդ շաբաթ չէր սպառել նիստի օրակարգը:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քվեարկության դրեց նախորդ նիստին քննարկված օրինագծերը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 91 կողմ ձայնով:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Խորհրդարանն ընդունեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե էնֆիաջյանի, Արման Աբովյանի, Շաքե Իսայանի ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ 91 կողմ ձայնով: Խոսքը զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագծի մասին է: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվելու է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:
«Բանկային գաղտնիքի մասին» օրինագիծը քվեարկության դնելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: