Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են նաև Վրաստանում ԵՄ-ի և ԱՄՆ դեսպանները: Հանդիպումից հետո կողմերը տարբեր կերպ են ներկայացրել բանակցությունը:
Քննարկման հիմնական թեման եղել է ընտրական համակարգը, և, ըստ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի, միավորված ընդդիմությունը հանդես է եկել բացարձակ նոր առաջարկով՝ ներկայացնելով նախորդից տարբեր պահանջներ: «Ընդդիմությունն առաջարկում է մեկ մանդատ ունեցող մեծամասնական վարչությունները փոխարինել մի քանի մանդատ ունեցողներով: Այս նախաձեռնությունը սահմանադրական փոփոխություններ չի պահանջում: Մեր թիմը պետք է քննարկի և որոշում կայացնի»,- ասել է Կոբախիձեն:
Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեի բնորոշմամբ՝ «սառույցը տեղից շարժվեց, սակայն ընդդիմության ու հանրության վստահությունն իշխող կուսակցության հանդեպ դարձյալ զրոյական է»։
«Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, եղել է համաձայնություն: «Վրացական երազանքը» սպառել է իրեն, և ժամանակն է նրանց հեռացնել իշխանությունից»,- ասել է Վաշաձեն:
Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդի գնահատմամբ էլ՝ հանդիպումը տեղի է ունեցել կառուցողական միջավայրում, կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել: ԱՄՆ դիվանագետը հույս է հայտնել, որ հաջորդ բանակցությունների ժամանակ կքննարկվի խորհրդարանում մեծամասնական պատգամավորների բաշխման կարգը:
Ի դեպ, վրացական ընդդիմությունն առաջարկում է ընտրությունների գերմանական մոդելը, իշխանությունը՝ ամերիկյան: