Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետության քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպություն, ընդունել է 2019 թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի տեղեկացմամբ՝ Սահմանադրական դատարանի հարցը այդ հարթակում բարձրացրել են Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, քանի որ իրենց համար Հայաստանի Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց։
«Մենք իրապես մեր կառավարությունից ակնկալում ենք շուտափույթ ջանքեր այդ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ և այդ ջանքերը տեսնում ենք նոր Սահմանադրական դատարանի կազմավորման ուղղությամբ։ Հենց սա էլ արձանագրվել է հռչակագրում»,- նշել է Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այդպիսով ճանաչվել է, որ ներկայի ՍԴ-ն լեգիտիմ չէ, ունի լեգիտիմության բաց։
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա, անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամին, նշել է, որ իրենք առաջարկել են վաղ կենսաթոշակի տարբերակը դատավորներին և սպասում են այդ տարբերակի արձագանքին։