Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ՝ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի կազմակերպություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել դեկտեմբերի 9-ը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:
Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Այդպիսով, Հայաստանը վերահաստատեց ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկ լինելու իր պատրաստակամությունը:
Միջազգային հանրությունն այսօր ոգեկոչում է աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:
Դեկտեմբերի 9-ը պատահական չի ընտրվել. 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա պատժման մասին կոնվենցիան։
Կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը բնորոշվում է որպես «միտումնավոր գործողություն՝ ուղղված որևէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասամբ վերացնելուն»:
Կենվենցիայում նշվում է, որ ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե երբ է իրականացվում՝ խաղաղ, թե պատերազմական գործողությունների ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է, որի դեմ կոնվենցիայի մասնակիցները պարտավոր են կանխարգելիչ գործողություններ իրականացնել ու պատժել:
Ցեղասպանության կանխման ու դադարեցման գլխավոր պատասխանատվությունը կրում է այն պետությունը, որում իրագործվում է հանցագործությունը: Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ ցեղասպանության կանխման հարցում կարևորագույն գործոններից է այդ հանցագործության անպատժելիության դեմ պայքարը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ աղբյուրը նշում է, որ 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ պետությունների, Եվրախորհրդարանի ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:
Սակայն ժամանակակից աշխարհում ևս ցեղասպանությունը շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ մարդկության համար: