ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկա է եղել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Եկամտից առավել, միջինից առավել, առավել, քան ներկան» խորագրով Մարդկային զարգացման զեկույցի շնորհանդեսին:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
Փոխվարչապետը շնորհավորել է զեկույցի ներկայացման առիթով, վստահություն հայտնել, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները ուղենիշ կդառնան կառավարության համար՝ ոլորտի զարգացման քաղաքականությունը մշակելիս:
Քննարկման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, կարևորել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատչելիությունը, աշխատանքի հնարավորությունը, միջին և բարձր տարիքի անձանց կողմից նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը: «Կարծում եմ՝ բացի հնարավորություններ ստեղծելուց՝ շատ կարևոր է մարդկանց նաև ոգեշնչել: Մեր կառավարությունը վերջին ամիսների ընթացքում հենց այս առաքելությունն է իր առջև դրել, որպեսզի ոգեշնչի մարդկանց և գործողության մղի: Միայն ոգեշնչմամբ և հաջողված պատմությունների ազդեցությամբ է հնարավոր հաղթահարել որոշակի սահմանափակումներ: Եթե մարդը չի հավատում իր ուժերին ու հնարավորություններին, չունի նաև մղում սովորելու, զարգանալու»,- ասել է նախարարը: